Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի սնուցումը

Երեխաների սնուցումը 1-3 տարեկան հասակում

Ստամոքսաաղիքային ուղու ֆունկցիոնալ կատարելագործմանը, ատամներ հանելուն, մարսողական ձյութերի ֆերմենտատիվ ակտիվության բարձրացմանը զուգընթաց երեխաներն աստիճանաբար ընտելանում են ավելի բազմազան և համեմատաբար խիտ սննդատեսակներին։

 

Պետք է հոգալ, որ սննդի տեսքը լինի ախորժալի։ Շատ կարևոր է երեխաներին վարժեցնել սննդի ակտիվ ընդունմանը։ Օրաբաժնի մեջ հարկավոր է մտցնել հավի միս, ձուկ, լյարդ և այլն։ Անհրաժեշտ է հիշել, որ օրաբաժնի բազմազանությունից անկախ, երեխան ամեն օր պետք է ստանա կաթ՝ 700-500 մլ և մեկ ձու։ էքսուղատիվ դիաթեզի ծանր դեպքերում ձվի սպիտակուց չի տրվում։


1-3 տարեկան երեխաների սննդի hիմնական բաղադրամասերի հարաբերակցությունը այսպիսին է. յուրաքանչյուր կգ քաշի համար պետք են. սպիտակուցներ՝ 4 գ, ճարպեր՝ 4 գ, ածխաջրեր՝ 12 գ (1:1։3)։ Նախաճաշը պետք է կազմի սննդի օրաբաժնի 25%-ը, ճաշը՝ 35-40%-ը, ետճաշիկը՝ 10-15%-ը, ընթրիքը՝ 25%-ը։


Բացի սպիտակուցներից, ճարպերից և ածխաջրերից, սնունդը պետք է բավարար չափով պարունակի նաև բոլոր անձրաժեշտ վիտամինները։


Մանկական սննդում լայն կիրառում պետք է գտնեն նաև բանջարեղենը, մրգերը և հատապտուղները, այդ թվում նաև բողկը, շաղգամը, սոխը, դդմիկը, սպանախը, սալաթը և այլն։


Ուշադրություն պետք է դարձնել սննդամթերքի խոհանոցային մշակման վրա, որպեսզի վիտամինները պահպանեն իրենց լիարժեքությունը։
Բանջարեղենը հնարավոր չափով պետք է օգտագործվի թարմ վիճակում։ Հանքային աղեր են պարունակում ոչ միայն մրգերը և բանջարեղենը, այլև միսը, ձուն, կաթը։


Խորհուրդ է տրվում օգտագործել հավի, հորթի, տավարի միս, իսկ ոչխարի և, մանավանդ, խոզի միսը երեխայի սննդի մեջ պետք է օգտագործել մեծ զգուշությամբ։ Մսի և բանջարեղենի ապուրներ պետք է տալ օրը մեկ անգամ՝ ճաշին։ Ընդ որում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցությունը պետք է լինի 1:1:3։


Սննդի օրաբաժինը պետք է լրիվ բավարարի երեխայի պահանջը ոչ միայն քանակական, այլև որակական տեսակետից։ Ներմուծվող սպիտակուցի 75%-ը պետք է լինի կենդանական։ Որպես ճարպ հարկավոր է կարագ օգտագործել։ Բուսական ճարպերը պետք է կազմեն երեխաների ճարպային օրասննդի 10-15%:


Անհրաժեշտ է նաև պահպանել սնուցման ճիշտ ռեժիմը։ 1-1,5 տարեկան երեխաներին պետք է կերակրել 4 ժամը մեկ անգամ, օրվա ընթացքում՝ 5 անգամ։ Հետագայում աստիճանաբար պետք է անցնել 4 անգամյա կերակրման։


Պետք է ջանալ, որ երեխան կերակրման ժամերից դուրս որևէ սնունդ և, մասնավորապես, քաղցրավենիք չստանա, որպեսզի ախորժակը չփչանա։


Երեխային ճաշի ժամանակ կրկնակի բաժին ապուր չի կարելի տալ, որովհետև նա կարող է հրաժարվել երկրորդ՝ ավելի սննդարար կերակրատեսակից։ Որպես երկրորդ կերակրատեսակ ցանկալի է տալ մսեղեն, տարբեր բանջարեղենից պատրաստված շիլաներ և խյուսեր։ Նախաճաշին երեխային պետք է տալ շիլա, կաթով սուրճ, կարագով հաց, իսկ ընթրիքին՝ բանջարեղենային բլիթ և կաթ։ Հաց պետք է տալ ամեն օր` սահմանափակ չափով։ Հացը պատկանում է բարձր կալորիականություն ունեցող սննդամթերքին և նրա ոչ չափավոր օգտագործումը հանգեցնում է ախորժակի անկման։


Մինչև 1,5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում տալ 50-70 գ սպիտակ հաց, 1,5-4 տարեկանում՝ 50-70 գ սև հաց և 100-150 գ սպիտակ հաց։ Հացի մի մասի փոխարեն կարելի է տալ թխվածք, բուլկի, բլիթներ։ Նպատակահարմար է դրանք տալ ետճաշիկի և ընթրիքի ժամանակ։


Վատ ախորժակ ունեցող և թուլակազմ երեխաների համար անհրաժեշտ է կազմել անհատական հաշվարկ և սննդաբաժնում ուղղումներ մտցնել՝ ի հաշիվ ավելի խիտ և լիարժեք սննդատեսակների։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ